04/06/2010 14:19
Փորձագետ. Հայկական մսամթերքն ավելի լավն է, քան` մոսկովյանը...
«Մսամթերքի տեղական արտադրությունը շատ բարվոք վիճակում է: Ավստրիական նախագծերով արված տեխնոլոգիայով աշխատում են, չտեսնված մաքուր, միսը ստուգել ենք, հիմնականում ավստրիական խառնուրդն են օգտագործում, և երբ իրենց ասում ենք` դուք հավելանյութեր օգտագործու՞մ եք, ասում են` չենք օգտագործում»,- այսօր ասուլիսում նման հայտարարություն արեց Սպառողների ազգային ակադեմիայի փորձագետ Մելիտա Արիստակեսյանը` տեղեկացնելով, որ ակադեմիայի փորձագետները վերջերս ստուգումներ են իրականացրել մսամթերք արտադրող ձեռնարկություններում:
Նա հավաստիացրեց, որ գրեթե բոլոր ձեռնարկություններն աշխատում են եվրոպական ստանդարտներով: Ըստ նրա, երշիկների և նրբերշիկների արտադրությունում գոմեշի միսը ստանդարտով թույլատրելի է:
Փորձագետը նշեց, որ արտադրողները հիմնականում խուսափում են մակնշումների վրա հավելանյութերը նշելուց:
«Արգեված հավելանյութերի ցանկ կա: Մոսկովյան շուկայում E240-ը 10 տարի հանված է, բայց մարդիկ, չիմանալով, գրում են վրան, որը շատ վտանգավոր նյութ է, իսկ մեզ մոտ չի օգտագործվում: Մենք արտադրություններ մտել, նայել ենք` էդ հավելանյութը էստեղ ընդհանրապես չի օգտագործվում»,- վստահեցրեց Մ. Արիստակեսյանը:
Aysor.am-ի հարցին, թե միայն հարցրե՞լ են, թե՞ անալիզներ էլ են արել, Մ. Արիստակեսյանը պատասխանեց. «Միայն հարցնելով չէ, լաբորատոր փորձարկումներ գոյություն ունի, արվում է»:
Իսկ լրագրողներից մեկի հարցը, թե ինչպե՞ս է, որ մսի 1 կիլոգամը 2000-2500 դրամ արժեքի դեպքում նրբերշիկն արժե 1300-1500 դրամ, փորձագետն անպատասխան թողեց: