04/06/2010 13:02
Կ. Վարդանյան. Արտադրում ենք... չենք կիրառում
Հունիսի 9-10-ը Երևանում կանցկացվի «DigiTec Business» 3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումը: Այս տարի այն կրում է «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Ֆորումը կբացի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ֆորումի նպատակն է` նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առումով Հայաստանը գտնվում է վերջին տեղերում: Արտադրման առումով` որակական տեսանկյունից, գտնվում է առաջին տեղերում»,- Aysor-ի հետ զրույցում փաստեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով, այն ինչ արտադրում ենք, մենք չենք կիրառում` թե՛ բիզնես, թե՛ պետությունը, թե՛ անհատը. «Որպեսզի այդ փոսից դուրս գանք, նախագծել ենք այս բիզնես ֆորումը, որը նվիրված է հենց ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսում»: Կ. Վարդանյանը հայտնեց, որ այս առումով շուրջ 5000-6000 բիզնեսմենների հրավիրել են, սպասում են շուրջ 1500-ի: Այս տարի ակնկալվում է նաև լայն միջազգային մանակցություն DigiTec Business-ին, մասնավորապես` հարավային և արևելյան եվրոպական երկրներից, այդ թվում` Բուլղարիայից, Ալբանիայից, Կոսովոյից, Սերբիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից և Մոլդովայից:
«Այս լուրջ հետաքրքրությունը մեզ հուսադրում է, որ հետագայում այլ երկրներից նույնպես միջազգային մասնակցություն կլինի»,- նշեց Կ. Վարդանյանը:
Տարեցտարի, ըստ Կ. Վարդանյանի, ավելանում է «DigiTec Business» ֆորում ցուցահանդեսի մասնակիցների թիվը. առաջին տարվա 19 տաղավարի փոխարեն այս տարի 35 տաղավար է լինելու:
Հավելենք, որ ֆորումին կից նախատեսվում են նաև այլ միջոցառումներ` կոնֆերանսերի և սեմինարների շարք, կներկայացվեն ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար, Start up ֆորում, որին կմասնակցեն շուրջ 10 հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններ: Ֆորումում ներկայացվող հիմնական ծառայությունները ներառում են բանկային և ֆինանսական սեկտորի, փոքր և միջին ձեռնարկությունների, զբոսաշրջության, պահեստավորման, առևտրի, շինարարության, տրանսպորտի և բեռնափոխադրումների, բժշկական և դեղագործական սեկտորի և այլ ոլորտները:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2008 թ-ին: Ֆորումն ունեցել է շուրջ 1200 այցելու, որոնց գերակշռող մասը պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին: Արդեն 2009 թ-ին ացելուների թիվը հասել է 1500-ի: