04/06/2010 09:59
Իսրայելը մերժել է ծովային գրոհի միջազգային հետաքննությունը
Իսրայելը մերժել է «Ազատության նավախմբի» գրոհի վերաբերյալ միջազգային հետաքննության անցկացումը: Այս մասին հայտնել է իսրայելական կառավարության մամլո քարտուղար Մարկ Ռեգևը, ով հայտարարել է, որ միջազգային հետաքննության անցկացումը համազոր է երկակի չափանիշների քաղաքականության, քանի որ Իրաքում կամ Աֆղանստանում ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի զինվորների կողմից իրականացված գործողությունները հետաքննում են հենց այդ երկրները:
Նշենք, որ Միացյալ Նահանգներն արդեն կողմ են արտահայտվել Իսրայելի կողմից հետաքննության անցկացմանը և հայտարարել են, որ կճանաչեն դրա արդյունքները:
Բացի այդ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` դեպի Գազա ուղևորվող իռլանդական «Ռեչել Կորրի» նավին Իսրայելը չի թույլատրի հասնել Գազայի հատված:
Վարչապետը նշել է, որ այդ նավը կուղեկցվի դեպի Աշդոդա նավահանգիստ, որտեղ բեռների զզնում կանցկացվի, այնուհետև միայն դրանք կփոխանցվեն Գազայի հատված:
Իսկ նախօրեին Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիաներ են անցկացվել` ընդդեմ այս երկրի թշնամական քաղաքականության:
Մասամբ փակելով քաղաքի գլխավոր փողոցներից մեկը` ակցիայի մասնակիցները ձեռքերին պահել են պաստառներ` «Էրդողան – ֆաշիստ», «Էրդղան = վտանգ», «Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք» գրառումներով:
Թուրքիայում ևս բողոքի ցույցեր են ընթանում, ինչի հետևանքով իսրայելական իշխանությունները դուրս են բերել այստեղից դիվանագիտական անձնակազմի ընտանիքները և խորհուրդ տվել Իսրայելի քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելելուց: