05/06/2010 13:33
Սբ. Գրիգոր Լուսավորչի` Վիրապից դուրս գալու օրն է
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապիս դուրս գալու օրը, որն սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի:: Այս մասին տեղեկանում ենք Արարտյան հայրապետական թեմի մամուլի ծառայության բաժնից:
Վարքագրության համաձայն` հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը:
Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Սբ. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր:
Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սբ. Եկեղեցու առաջին հովվապետ:
Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ.Պատարագ: