07/06/2010 12:05
Հայ բռնցքամարտիկների հաջող մեկնարկը Եվրոպայի առաջնությունում
Մայիսի 6-ին Մոսկվայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 2010 թ. առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում հաջող է սկսել ելույթները 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը։ Նա առաջին մրցամարտում 7:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամոզան Մագոմեդովի նկատմամբ, իսկ այնուհետև 13:3 հաշվով հաղթել է հույն Իոանիս Միլիտոպոլուսին: Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 կգ) 4:0 հաշվով պարտության է մատնել լեհ Մաթեուս Մալույդային, իսկ 54 կգ քաշային Կարեն Այլազյանը, ով Եվրոպայի 2009 թ. երիտասարդների չեմպիոն է, 2:11 հաշվով զիջել է իռլանդացի երիտասարդ բռնցքամարտիկ Ջոն Նևինին, ով 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից է։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի հավաքականի կազմում ևս 5 մարզիկներ են ռինգ մտել: Նրանցից 4-ը վստահ հաղթանակ են տոնել և դուրս են եկել հաջորդ փուլ: Ընդհանուր առմամբ` պայքարը թողել են մեր ընտրանու 2 անդամներ, իսկ 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը և 60 կգ Արա Պուլուզյանը դեռ ասպարեզ դուրս չեն եկել։ 51 կգ Դերենիկ Գիժլարյանը 16։4 հաշվով պարտության է մատնել հունգարացի Նորբերտ Կալուցային։ 2008 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ) 11։2 հաշվով ջախջախել է Ալեքսանդր Վասիլևին (Ֆինլանդիա)։ 69 կգ քաշայինների պայքարում Սամվել Մաթևոսյանը 0։18 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Ալեքսիս Վաստինին։
75 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը 13։2 հաշվով առավելության է հասել խորվաթ Սանին Պոր Վրոչի նկատմամբ։