09/06/2010 11:01
Սահակաշվիլի. ԱՄՆ-ը և Ֆրանսիան կխոսեն Մոսկվայի հետ Վրաստանի մասին
Նախօրեին ավարտվեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու այցը Փարիզ: Ինչպես կարծում են Վրաստանում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատահաբար չէր ընտրել իր վրացի պաշտոնակցին հրավիրելու ժամկետը, այլ այն միտումնավոր կազմակերպվել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հունիսի 11-ին Ֆրանսիա ժամանումից առաջ: Այս մասին հայտնում է «Նյուսռու.քոմ»-ը:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» պարբերականը, ըստ փորձագետների, դա վկայում է, որ, նախևառաջ որոշվել է Սարկոզի-Պուտին զրույցի թեման` ՌԴ-ի կողմից 2008-ի օգոստոսյան իրդարձություններից հետո պայմանավորվածությունների կատարման, մասնավորապես, ՌԴ զինվորականներին Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքից դուրս բերելու հարցը:
Ինքը, Սահակաշվիլին, ֆրանսիական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ, իր ունեցած տեղեկություններով, Վրաստանը կլինի հիմնական թեմաներից մեկը, որը կքննարկվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա սպասվող այցի ժամանակ: