10/06/2010 12:06
Իրանի դեմ պատժամիջոցները կաթվածահարող բնույթ չեն կրում
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հաստատեց Իրանի դեմ նոր պատժամիջոցները: Բանաձևն ընդունվեց երկար ամիսներ բանակցություններից հետո: Քվեարկել են գրեթե միաձայն, դեմ են արտահայտվել միայն Թուրքիան և Բրազիլիան: Թե ի՞նչ հետևանքներով է սպառնում այս փաստաթուղթը Իսլամական Հանրապետությանը, գրում է Վեստի.ռու-ն:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները մինչև վերջ համոզում էին Թուրքիային և Բրազիլիային դեմ չքվեարկել պատժամիջոցներին` անգամ այն դեպքում, երբ նրանց դիրքորոշումը որոշիչ չէր: Այդ երկրները կարծում են, որ դիվանագիտական միջոցները դեռ չեն սպառվել: Լիբանանը քվեարկության ժամանակ ձեռնպահ էր մնացել: Սակայն մեծամասնությունը` 12 պետություններ, որոշեցին, որ ժամանակն է ավելի կոշտ գործելու:
Իրանի դեմ պատժամիջոցները կաթվածահարող բնույթ չեն կրում` Ռուսաստանն ու Չինաստանը նախագծում մեղմացնող փոփոխություններ են արել, և Իրանը` որպես երկիր, կկարողանա նորմալ գործել: Բոլոր սահմանափակումները վերաբերում են միայն միջուկային ծրագրին: Ընդ որում, բանաձևը կապում է նրանց ձեռքերը, ով որպես իրանական խնդրի լուծում դիտարկում էր ուժային տարբերակը:
ՄԱԿ-ի բանաձևը թույլատրում է ստուգումներ իրականացնել Իրանի նավերի վրա, Իսլամական հանրապետությանն արգելված է գնել ծանր զրահատեխնիկա, օրինակ` հրթիռներ կամ ուղղաթիռներ, իրանական բանկերից դրամական փոխանցումները խստորեն կվերահսկվեն:
Իրանն, ընդդիմանալով, հրաժարվում է շարունակել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները և խոստանում է կրճատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը: Իսկ ԱՄՆ-ը, ՄԱԿ-ի բանաձևը համարելով ոչ բավարար կոշտ, պատրաստվում է միջազգային պատժամիջոցներն ուժեղացնել սեփականներով` միակողմանիորեն: Դրանք շուտով կքննարկվեն ԱՄՆ կոնգրեսում և անպայման կընդունվեն: