10/06/2010 12:59
Բակո Սահակյանը ողջունել է ԱԺ 5-րդ գումարման նստաշրջանի բացումը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին մասնակցել է 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման միջոցառմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն իր ելույթում ասել է.
Նախեւառաջ ուզում եմ շնորհավորել 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին եւ մաղթել մեծագույն հաջողություններ` մեր հանրապետության համար չափազանց կարեւոր ու պատասխանատու այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին:
Մայիսի 23-ին արցախցիները հերթական անգամ ցուցաբերեցին բարձր կարգապահություն ու քաղաքացիական կեցվածք եւ իրենց ձայնը տվեցին հանուն Արցախի հզոր ու բարգավաճ ապագայի: Այդ ապագայի կերտման գործում մեծ է ձեր` Ազգային ժողովի պատգամավորների դերը: Ժողովուրդը ձեզ է տվել իր վստահության քվեն, եւ դուք պարտավոր եք ըստ ամենայնի արդարացնել այն:
Խորհրդարանի գործունեության առանցքային ուղղություններից են հանրապետության օրենսդրական դաշտի կատարելագործումը, իշխանության մյուս թեւերի հետ համագործակցության խորացումը, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդումը, քաղաքակիրթ աշխարհին արժանիորեն ներկայանալու եւ միջազգային հանրությանն ինտեգրվելու խնդիրների իրականացումը: Եվ այդ աշխատանքի հիմքում առաջին հերթին պետք է լինեն Արցախի պետական շահերը` Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան:
Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերից պահանջվում է սկզբունքային, ակտիվ ու կառուցողական աշխատանք: Միմյանց նկատմամբ հանդուրժողական ու բարյացակամ վերաբերմունքը մեծապես կնպաստի հաջող ու արդյունավետ գործունեության իրականացմանը:
Ուզում եմ երախտագիտություն հայտնել 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին` կատարած աշխատանքի համար: Ձեր օրինաստեղծ գործունեության արդյունքում ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք կարգավորում են մեր հանրապետության կենսագործունեությունը: Նաեւ ձեր ջանքերի շնորհիվ մեր երկիրն ունեցավ Մայր օրենք:
Թանկագին բարեկամներ, Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ի վիճակի է ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, կառուցել ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, եւ որ այդ ուղին անշրջելի է մեր հանրապետության համար:
Կրկին շնորհավորում եմ նորընտիր Ազգային ժողովին եւ մաղթում արդյունավետ աշխատանք»: