11/06/2010 13:40
Սամբոյի միջազգային մրցաշար Երևանում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Ռուսատանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը 2010 թ. հուլիսի 16-ից 19-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հովանու ներքո Երևանում անցկացնելու են հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի միջազգային հուշամրցաշարը` նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Մրցաշարը ոչ միայն մարզական առումով է կարևոր, այլև կունենա ռազմահայրենասիրական դաստիարակության ու բարոյահոգեբանական նշանակություն: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությունը միտված է Նելսոն Ստեփանյանի անունը նաև հուշամրցաշարով հավերժացնելու գործին: Իսկ մրցաշար կարող է ավանդական դառնալ: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: