14/06/2010 19:16
ՀՀՇ-ում պառակտում է. Քոքոբելյանն ու Զուրաբյանն անհասանելի են
Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ վարչության նիստի ժամանակ հրաժարական է ներկայացրել կուսակցության վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Ինչպես տեղեկացանք կուսակցությունից, հրաժարականի դիմումն ընդունվել է ի գիտություն: Անձամբ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը, չի պատասխանում հեռախոսազանգերին:
Նշենք նաև, որ ՀՀՇ վարչությունում հնարավոր վերաբաշխման մասին տեղեկությունները հրաժարվում են մեկնաբանել ոչ միայն Հայ ազգային կոնգրեսը կազմող կուսակցություններում, այլև` այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Այնուամենայնիվ, հաջողվել է պարզել, որ հրաժարականը կապված է ՀԱԿ-ի կազմում ՀՀՇ-ի հետագա գործունեության հետ: Ըստ աղբյուրների, Խ.Քոքոբելյանը վերջին շրջանում փորձել է ՀՀՇ վարչությանը համոզել, թե ՀՀՇ-ն պետք է դուրս գա ՀԱԿ-ից և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի միայնակ:
Ի դեպ, նման քայլ ասուլիսներից մեկի ժամանակ չբացառեց նաև ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա ևս չի պատասխանում հեռախոսազանգերին և հրաժարվում է մեկնաբանել իր տեղակալի հրաժարականի փաստը: Ըստ մեր տեղեկությունների, հնարավոր է, որ վարչության սպասվելիք նիստին նա ևս ներկայացնի հրաժարականի մասին իր դիմումը: