15/06/2010 12:18
ՀԾԿԺ-ն և IUB-ն փոխըմբռման հուշագիր ստորագրեցին
Հունիսի 15-ին Երևանում կայացած պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿԺ) նախագահ Ռոբերտ Նազարյանը, Այովայի հանրային ծառայությունների խորհրդի (IUB) նախագահ Ռոբերտ Բերնթսենը, և ԱՄՆ հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի (NARUC) միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Մահոնը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` նշելով նոր համագործակցության սկիզբը, որի շրջանակներում IUB-ն կաշխատի ՀԾԿԺ-ի հետ` զարգացնելու շուկայական կարգավորիչ գործըթացներում իր ինստիտուցիոնալ և որոշում կայացնելու կարողությունները: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀԾԿԺ-ի, IUB-ի և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Երևանում ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակից:
Համագործակցելով NARUC-ի կողմից իրականացվող տարածաշրջանային «Էներգիայի կարգավորման համագործակցության ծրագրի» շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀԾԿԺ-ի և IUB-ի միջև փորձի և տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև երկու գործակալությունների միջև մասնագիտական կապերի խթանմանը: Համագործակցությունը թույլ կտա հայաստանյան ղեկավարներին ունենալ ամերիկյան կարգավորիչ միջավայրին ծանոթանալու ավելի լայն հնարավորություններ, հնարավորություն կընձեռի IUB-ի անդամներին ձեռք բերել նոր հմտություներ ու մեթոդաբանություն, ինչպես նաև ավելի հստակ պատկերացում կազմել Կովկասյան տարածաշրջանի կարգավորիչ ոլորտի փորձառության մասին:
«Հայաստանի կառավարությունը որդեգրել է քաղաքականություն` ուղղած երկրի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտների անկախացմանն ու մասնավոր հատվածի ներդրումների գրավվմանը` ոլորտները ժամանակակից դարձնելու նպատակով: Սա կօգնի ապահովել բավարար Էլեկտրաէներգիա` 21-րդ դարում Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու համար: Սակայն լոկ շուկայի անկախացումը բավարար չէ: Հայաստանի կենսական ենթակառուցվածքում ներդրումներին նպաստելու համար կարևոր քայլ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հզորացումը: Տեխնիկապես հմուտ, թափանցիկ, և անկախ կարգավորման մարմինն օգնում է հասարակության բոլոր շահառուներին` ապահովելով որակյալ ծառայություններ և սպառողներին առաջարկելով արդար սակագներ», - ստորագրման արարողությանն ասաց դոկտոր Չիման: Նա երկու կողմերի միջև նպաստավոր համագործակցության հույս հայտնեց, նշելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի աջակցել Հայաստանին հզորացնել իր էներգետիկ անվտանգությունը և ներգրավվել Կովկասի Էլեկտրական ցանցերի համակարգում`արտահանման եկամուտ ստեղծելու համար:
Հուշագրի ստորագրումը հաստատում է այս համագործակցությունը և, որպես այդպիսին, այն 2010թ. հունիսի 14-17 կայանալիք ներածական քառօրյա սեմինարի կարևոր մաս է հանդիսանում: Սեմինարի ընթացքում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են լիազորությունը, ինքնավարությունը, պատասխանատվությունը, կառուցվածքը և կարողությունները: Մասնակիցները նաև կքննարկեն սակագների նախագծումը, ոլորտի շահառուների միջև կապերի հաստատումը և պահպանումը, կարգավորման գործընթացում հասարակության մասնակցությունը, պահանջարկի կառավարումը, և այլ արդիական հարցեր: Գործընկերները կպատրաստեն ճկուն աշխատանքային պլան, որն ընդհանուր հետաքրքրության լրացուցիչ թեմաներ կհաստատի և պարբերաբար կթարմացվի` երկու երկրներում էներգետիկայի կարգավորման և օրենսդրության ոլորտի փոփոխությունները արտացոլելու միտումով: