16/06/2010 17:59
Նպատակը` ունենալ օպտիմալ կառավարման համակարգ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին։
Կառավարության ղեկավարը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, իր խոսքում մասնավորապես նշել է, որ նախորդ քննարկման ժամանակ հրապարակայնորեն փորձել են ամփոփել առաջին փուլի արդյունքներն և բավականին մանրակրկիտ հաշվետվություն տալ հանրությանը, թե ինչ աշխատանքներ են կատարվել ֆինանսների նախարարության կողմից և ինչ կարողություններ են ձևավորվել մեր երկրում` այս բնագավառում արդյունավետ կառավարում ապահովելու ուղղությամբ։
Վարչապետն ասել է, որ պետք է հստակեցնել բարեփոխումների երկրորդ փուլը, ապահովել ռազմավարությունը` հավելելով, որ իրենք ձգտելու են լիակատար ապահովել հետևյալ չորս խնդիրների լուծումը։ Առաջին` ֆիսկալ կարգապահության բարձրացումը, որի միջոցով պետք է ապահովել մակրոտնտեսական կայունություն և նպաստել բյուջետային համակարգի կանխատեսելիության բարձրացմանը։ Երկրորդ` երաշխավորել, որ միջոցները կապակցված կլինեն հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են մեր գերակայություններին։ Երրորդ` ապահովել փողի դիմաց արժեք` երաշխավորելով, որ միջոցներն օգտագործվեն արդյունավետ և խնայողաբար։ Չորրորդ` նաև հանրային միջոցների օգտագործման շնորհիվ ապահովել հաշվետվողականությունը:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության և հասարակայնության բաժնից, Տիգրան Սարգսյանը խոսել է նաև գործընթացի համար կարևոր ներուժի մասին` նշելով, որ բիզնես պրոցեսների ճշգրիտ նկարագրությունից բացի, անհրաժեշտ է նաև, ունենալ համապատասխան կադրային ներուժ, որը մշտապես ի վիճակի է վերապատրաստումներ անցնել։