19/06/2010 12:28
Թուրքիայում ազատել են հեղաշրջման փորձի մեջ կասկածվող գեներալներին
Թուրքիայում դատարանի որոշմամբ երեկ ազատ են արձակվել 14 զինվորականներ, որոնք կասկածվում էին պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ:
Ինչպես հայտնում է 1նյուզ.ազ-ը` հղելով Hurriyet-ին, ազատ արձակվածների թվում են 8 պաշտոնաթող զինվորական, այդ թվում ` բանակի նախկին հրամանատար Չեթին Դողանը: Մյուսները` գործող սպաներ են: Դատարանը գտել է, որ ներկայացված փաստարկները բավարար չեն, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկեն կառավարության տապալման նախապատրաստության համար:
Զինվորականները ձերբակալվել են հեղաշրջման փորձի մեղադրանքով, որը նախատեսվում էր իրագործել 2003 թվականին` Ռեջեփ Էրդողանի կառավարությանը լուծարելու նպատակով: Գործով քննությունը նախաձեռնել էր Ստամբուլի դատախազությունը` բանակի կողմից «Balyoz» («Մուրճ») ծրագրի նախապատրաստման մասին սկանդալային հրապարակումների հիման վրա: Ըստ ծրագրի, նախատեսվում էր Ստամբուլի երկու մզկիթներում պայթյուններ իրականացնել, ինչը կբերեր արտակարգ իրավիճակի հայտարարմանը:
Նույն օրը Անկարայի Բարձրագույն վերաքննիչ դատարանը փաստարկների ոչ բավարար լինելու պատճառով ազատ է արձակել Էրզինջան քաղաքի գլխավոր դատախազ Իլհան Ջիհաներին, ով ևս մեղադրվում էր հակաիշխանական հեղաշրջման նախապատրաստման գործունեության մեջ:
Բացի այդ ազատ են արձակվել ևս 9 մարդ, որոնք «դերակատարություն» ունեին «Էրզինջանի դավադրության» մեջ: