21/06/2010 20:28
«Սադրանքներն անպատասխան չեն մնա»
Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում հունիսի 18-ին արձանագրված գործողություններն ինքնաբուխ չէին կարող լինել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Արդրեյ Արեշևը:
«Վերլուծելով իրադարձությունների հերթականությունը` դվար չէ գալ նման եզրակացության: Իհարկե, մենք չենք կարող հարյուր տոկոսանոց վստահությամբ կարծիք հայտնել հարցերի մասին, որոնք քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Կարելի է ենթադրել, որ ևս մեկ անգամ հաստատվել է Ռուսաստանի` որպես անկողմնակալ միջնորդի դերը, որն օգնում է հակամարտող կողմերին` հասնելու փոխադարձ զիջումներրի վրա հիմնված որոշումների, որի մասին հրապարակայնորեն հայտարարվել է ոչ մեկ անգամ: Հետո բավականին անսպասելիորեն տարածվեց հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանի նախագահը լքել է Սանկտ Պետերբուրգը` չմնալով տնտեսակոն ֆորումի բացմանը, և դրանից անմիջապես հետո` հունիսի 18-ին, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Լեռնային Ղարաբաղ:
Իհարկե, դժվար թե նման գործողությունն իրականացվեր ինքնուրույն: Հայկական կողմը բնութագրեց տեղի ունեցածը որպես ռազմական սադրանք և քաղաքական դիվանագիտական ճնշման` մինչ այդ եղած քաղաքականության տրամաբանական շարունակություն: Բավականին ցուցադրական էր Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը, որի պաշտոնական ներկայացուցիչը ենթադրում է, որ այդ միջադեպը վկայում է այն մասին, որ «Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ», «նմանատիպ դեպքերը ցույց են տալիս, որ ադրբեջանա-հայկական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ», և «առկա է բավականին պարզ հնարավորություն` խուսափելու զինված հակադրությունից` այն է բանակցային սեղանը»: Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը խոսեց այն մասին, որ «եթե Հայաստանը չազատի օկուպացված տարածքները և եթե գնա նման պրովոկացիաների, ապա կարող է ստանալ ավելի զգայուն հարվածներ»: Սակայն ոչ մի բանակցություն չի ընթանում պարզված զենքի ներքո, երբ կողմերից մեկն իր ու միջնորդների խնդիրն է բացառապես համարում այն, որ հակառակորդ կողմին ստիպեն հանձնվել: Չեմ կարծում թե դա արդյունավետ գաղափար է, իսկ եթե պրովոկոցիաները շարունակվեն, ապա դրանք, անկասկած, չեն մնա անհետևանք:
Այստեղ կցանկանայի հիշել ու մեջբերել բանակի գեներալ Գարեևի ասածները մեկ այլ պատերազմի մասին, որը արդիականությունը չի կորցրել մինչ օրս, և այդ թվում գուցե ռազմականորեն տրամադրված շատ առաջնորդների համար. «Դա պատմության մեջ բավականին տարածված սխալ է, երբ ղեկավարները մոռանում են, որ միջազգային հակամարտությունը, պատերազմը երկկողմանի երևույթներ են, այդ պատճառով իրադարձությունները չեն կարող զարգանալ միայն այնպես, ինչպես դուք եք ուզում: Հակամարտող կողմը միշտ ձգտելու է անել այն, ինչին դուք ամենաքիչն եք սպասում»»,- ասել է ռուս քաղաքագետը: