21/06/2010 13:48
Տնտեսությունում պահպանվում են աճի միտումները
2010 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանի տնտեսության աճի տեմպը կազմել է 8.8 %, իսկ մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 14.3 % աճ: Հիշեցնենք, որ ապրիլին մարտի համեմատ արձանագրվել էր 5.9 % անկում: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը հասել է 1 տրլն 16 մլրդ 842 մլն դրամի:
Այս տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 305 մլրդ 61 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 12.1 %-ով, թեև մայիսն ապրիլի համեմատ գրանցվել է 6.3 % անկում:
Նշված ժամանակահատվածում արտադրվել է 2657.6 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը` 14.6 %), գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 96 մլրդ 237 մլն դրամ (աճ` 0.9 %), շինարարության ծավալը` 108 մլրդ 842 մլն դրամ (նախորդ տարվա մայիսի համեմատ աճը` 12.5 %, իսկ մայիսն ապրիլի համեմատ աճը գրեթե կրկնակի է), մանրածախ առևտրաշրջանառությունը` 367 մլրդ 44 մլն դրամ (աճ` 1.3 %), ծառայությունների ծավալը (առանց առևտրի)` 292 մլրդ 456 մլն դրամ (աճ` 6.8 %):
Հունվար-մայիս ամիսների արդյունքներով, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 776 մլն դոլար: Ընդ որում, արտահանման ծավալներն աճել են 64.5 %-ով՝ կազմելով 364.1 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալներն աճել են 28.5 %-ով` կազմելով 1մլրդ 411 մլն դոլար:
Սպառողական ապրանքների գներն աճել են 7.6 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները` շուրջ 35 %-ով:
2010 թ. մայիսին պաշտոնապես գրանցվել է 84.9 հազար գործազուրկ: Այդ թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 1.2 %-ով:
Հունվար-մայիս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարի կազմել է 103549 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.5 %-ով, իսկ մայիսն ապրիլի համեմատ դիտվել է աշխատավարձի որոշակի նվազում` 0.5 %:
2010 թ. հունվար-մայիսին դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 386.35 դրամ: