21/06/2010 17:52
Հայտնի են ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածների անունները
ԼՂՀ պաշտպանության բանակը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հունիսի 18-ին տեղի ունեցած պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից արիաբար զոհված մարտիկների անունները: Զոհվել են` կրտսեր սերժանտ Մնացական Ռոբերտի Գասպարյանը, շարքայիններ` Արայիկ Սևակի Բարսեղյանը, Էդվարդ Սուրենի Մանուկյանը Պարույր Արարատի Մելքոնյանը:
Ըստ տեղեկատվության, վիրավորվել են կրտսեր սերժանտ Գարիկ Յուրիկի Մաթևոսյանը, շարքայիններ` Գալուստ Գարիկի Բադասյանը, Անդրանիկ Վալերիի Արզումանյանը և Հարություն Վարուժանի Մեսրոպյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին 23.30-ի սահմաններում Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում, որի առաջխաղացումը հայկական կողմը կասեցրել է: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ էր քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր չորս զոհ, չորս վիրավոր:
Կատարվածը դատապարտել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ նախագահը մասնավորապես ասել էր, որ ադրբեջանական կողմի հարձակումը սադրիչ գործողություն է, որը պետք է անպատիժ չմնա: Իսկ արտգործնախարար Նալբանդյանն էլ նկատել էր. «Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում: Ակնհայտ է, որ դա նախապես մտածված և ծրագրված գործողություն է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար»:
Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը:
ԼՂՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման ու դիվերսիոն գործողությունների դեպքերը հաճախակի են դարձել:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում և նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող և շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ ևս կտրվի համարժեք պատասխան», -նշում են նախարարությունից: