21/06/2010 14:09
Ռուբեն Ալեքսանյանը` աշխարհի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունիսի 20-ին ավարտվեց աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի վերջին ակորդը հնչեցրեց Հայաստանի ներկայացուցիչ, արարատցի գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը (նրա անձնական քաշը 145 կգ է): Նա պոկեց 180 կգ, առաջին մոտեցումով հրեց 212 կգ և երկամարտի 392 կգ արդյունքով անհասանելի դարձավ իրեն հետապնդող ռուսաստանցի Զաուրբեկ Նանիևի համար: Վերջինս պոկեց 172 կգ, հրեց 208 կգ և երկամարտում «հավաքեց» ընդամենը 380 կգ:
Փաստորեն, Ռուբենը մրցում էր ինքն իր հետ և, չհանդիպելով լուրջ դիմադրության, հրում վարժությունում միայն մեկ փորձով դարձավ աշխարհի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Հավելենք, որ արարատցի հերկուլեսը մարզվում է իր հոր` Գառնիկ Ալեքսանյանի գլխավորությամբ և ընթացիկ մրցաշրջանում երկրորդն է ճանաչվել Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Հայաստանի երկրորդ պատվիրակ Զորիկ Պողոսյանը (69 կգ, Վանաձոր) երկամարտի 301 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: