22/06/2010 11:46
«Ադրբեջանական սուտը ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարններով»
Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանը, նշել է. «Թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանն արդյունավետ հակազդելու բանալին իրականությունն ամբողջությամբ աշխարհին ներկայացնելն է»:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Գերմանիա ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների հարևանությամբ գտնվող «Ադլոն» հյուրանոցում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Հայի և հայկականության բոլոր դրսևորումների նկատմամբ այսօր տեսնում ենք անհանդուրժողականության հսկայական ալիք Ադրբեջանի հասարակության մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները փորփրում են Եվրոպայի, Ռուսաստանի և Ամերիկայի բոլոր պաշտոնյաների ծագումնաբանությունը` ստուգելու համար` արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրի նախատատի կամ նախապապի մեջ չկա հայկական արյուն»,- նշել է Ս. Սարգսյանը` նկատելով, որ այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե խիստ վտանգավոր չլիներ:
Նախագահը նկատել է նաև, որ «ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը, ըստ որոնց` ամեն ինչում հայերն են մեղավոր»:
«Սկզբում ոչ մի հայ բնականաբար լուրջ չէր վերաբերվում այս ամենին` վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով»,- ընդգծեց Հանրապետության ղեկավարն ու հավելեց. «Այս հակահայկական և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է»:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանն հակազդելու գործում բուն անելիքներին` Ս. Սարգսյանը նշել է, որ «Եվրոպայում և հատկապես Գերմանիայում մեր խնդիրն է` ամրապնդել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և պարզապես հայ մարդու մասին իրական պատկերացումները»:
«Մենք, ի տարբերություն ոմանց, ստելու կարիք չունենք: Ճշմարտությունը մեր դաշնակիցն է: Սա նշանակում է, որ իրականությունը հնարավորինս ամբողջական ներկայացնելը բխում է մեր շահերից»,- հայտարարել է նախագահ Ս. Սարգսյանն ու նշել, որ իրականությունն աշխարհին հասցնելով մեծ նպաստ կբերվի թե’ Հայստանի, թե’ Արցախի և թե’ աշխարհասփյուռ հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը: