22/06/2010 13:36
Պիտեր Սեմնեբի. «Կատարվածը բացարձակապես անթույլատրելի է»
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Մեդիամաքս գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում «բացարձակապես անթույլատրելի» է անվանել միջադեպը ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ.
- Հունիսի 19-ին` Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հաջորդ օրը, ադրբեջանական դիվերսիոն խումբը հատեց շփման գիծը` սպանելով 4 եւ վիրավորելով եւս 4 հայ զինվորների: Ինչպիսի՞ է ձեր արձագանքը կատարվածի նկատմամբ:
- Սկզբնաղբյուրից տեղեկատվության չունենալով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նման միջադեպերը բացարձակ անթույլատրելի են: Ես շատ եմ ցավում կատարվածի համար, հատկապես մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ:
Միջադեպը հերթական անգամ ցույց տվեց այս հակամարտության վտանգավորությունը եւ պետք է խթան դառնա բանակցային գործընթացի ակտիվացման համար: Մենք միջադեպեր տեսել ենք նաեւ նախկինում եւ, ցավոք, եթե բանակցություններում առաջընթաց չլինի, մենք դրանք կրկին կտեսնենք, ինչից ես շատ կուզեի խուսափել:
- Դուք ասացիք, որ ձեզ հասանելի չէ կատարվածի վերաբերյալ տեղեկատվությունը սկզբնաղբյուրից: Մտադի՞ր եք արդյոք անցկացնել սեփական հետաքննությունը:
- Մենք կհիմնվենք ԵԱՀԿ տրամադրած տեղեկատվության վրա, քանի որ տեղում սեփական ներկայացուցիչներ չունենք:
- Չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, ԵՄ-ն, պետք է հրապարակայնորեն դատապարտի ադրբեջանական դիվերսիան, քանի որ միջազգային քննադատության բացակայությունն այն գործոններից մեկն է, որոնք նման գործողությունները հնարավոր են դարձնում:
- Ինչպես արդեն ասացի, կատարվածը բացարձակապես անթույլատրելի է: Մենք դատապարտում ենք այն եւ խորապես ցավում ենք մարդկային զոհերի համար:
- Ինչու՞ միջազգային հանրությունը Ադրբեջանին պարազապես կոչ չի անում դադարեցնել ռազմատենչ հայտարարությունները:
- Մենք պետք է նվազեցնենք ջերմաստիճանը այդ հակամարտության շուրջ, ինչը ներառում է այն հռետորությունից խուսափելը, որը կարող է ընկալվել որպես սպառնալիք: Բանակցություններում առաջընթացի համար պետք է կառուցել վստահություն, ինչի համար անհրաժեշտ է հանրային գործողությունների ու գործնական քայլերի համապատասխանություն:
- Ի՞նչ կարող եք ասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «նորացված Մադրիդյան սկզբունքների» մասին: Ադրբեջանը հայտարարում է, որ ընդունել է նորացված սկզբունքները եւ նույնն ակնկալում է Հայաստանից: Հայաստանը հայտարարում է, որ միակ պաշտոնական առաջարկությունը եղել եւ մնում է 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացված Մադրիդյան փաստաթուղթը: Ինչպիսի՞ն է բանակցությունների ընթացիկ փուլի ձեր ըմբռնումը:
- Ես չէի ցանկանա մեկնաբանել քննարկվող փաստաթղթերն ու առաջարկները: Դա թողնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Սանկտ-Պետերբուրգի հանդիպման արդյունքներով ակնհայտ դարձավ, որ երկու նախագահներն էլ ցանկանում են արագացնել բանակցությունները, եւ հուսով եմ` դա արդյունք կտա:
- Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դադարեցման գործում կպակասեցնի փոխզիջումների գնալու Հայաստանին պատրաստակամությունը:
- Այդ երկու գործընթացները պետք է դիտարկվեն` հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Ակնհայտ է, որ երկու գործընթացները պետք է առաջ ընթանան: Նրանց միջեւ չպետք է փոխադարձ կապ լինի, սակայն, մյուս կողմից, չպետք է անտեսել նաեւ այն, որ յուրաքանչյուրն իր ազդեցությունն ունի ընդհանուր մթնոլորտի, հետեւաբար` մյուս գործընթացի վրա: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է առաջ ընթանալ երկու ուղղություններով. իրավիճակը կարելի է կայունացնել միայն երկու խնդիրների հաջող լուծման շնորհիվ: Միայն դրանից հետո Հայաստանը խաղաղության կհասնի իր հարեւանների ու ինքն իր հետ:
- Ի՞նչ կարծիքի եք հայ-թուրքական գործընթացի ապագայի վերաբերյալ:
- Հայ-թուրքական կարգավորման ճանապարհին եղել են բազմաթիվ հիասթափություններ: Ես ինքս մեծ հույսեր ունեի, երբ նախորդ տարվա հոկտեմբերին ներկա էին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմանը: Դա շատ կարեւոր պահ էր: Սակայն հետագա իրադարձություններն ամենեւին չհամապատասխանեցին ակնկալիքներին: Միաժամանակ, կարծում եմ, չպետք է մոռանալ, որ գործընթացն ավարտված չէ, այլ միայն դադարեցվել է երկու երկրների կողմից եւ կարող է վերսկսվել: Դա կպահանջի քաղաքական կամք ու խիզախություն երկու կողմերից: Կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորումը բխում է երկու կողմերի շահերից: Հայաստանի շահերն ակնհայտ են, սակայն առկա են նաեւ Թուրքիայի շահերը, քանի որ հակամարտությունն ու Հայաստանի հետ փակ սահմանը նրան խանգարում են ամբողջությամբ իրականացնել իր տարածաշրջանային դերը Հարավային Կովկասում: