23/06/2010 16:24
Փորձագետ. Ադրբեջանական քարոզչամեքենան կծեց իր պոչը
Ղարաբաղյան հակամարտության ցանկացած բանակցությունից առաջ և հետո ադրբեջանական հիստերիան օրինաչափություն է դարձել։ Նման տեսակետ հայտնեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Անահիտ Մենեմշյանը:
Նրա խոսքերով, ադրբեջանական քարոզչությունը գրագետ չի արվում, բացակայում են փաստարկներն ու պատճառահետևանքային կապը։ Մենեմշյանի կարծիքով, ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնականում, աշխատում են ծավալի վրա, այլ ոչ թե որակի:
Հունիսի 18-ին Չայլուի միջադեպին անդրադառնալով` ասուլիսին ներկա Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ադրբեջանական քարոզչամեքենան տարօրինակ է գործել և «ցայտնոտային իրավիճակում իրենք իրենց պոչը կծեցին»:
«Տարբեր պաշտոնյաներ, տարբեր փորձագետներ իրար հակասող տեղեկատվություն էին տարածում, թե իբր հարձակումը սկսել են հայերը, թե հարձակումը սկսել են «մերոնք», այն ինչ` հենց նրանց քարոզչամեքենան ընկավ կիսաշիզոֆրենիկ վիճակի մեջ, քանի որ ադրբեջանցիները չէին սպասում, որ հայկական կողմից ագրեսիվ տեղեկատվական առաջխաղացում կլինի»,- ասաց Մարտիրոսյանը:
Խոսելով հայկական ԶԼՄ-ի մասին` Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, որ «դրանք համախմբված են գործել արտաքին թշնամու դեմ»: