23/06/2010 13:29
Իրանը դեմ է ԼՂ հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայմանը
Թեհրանը կտրականապես դեմ կլինի, եթե Ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվեն ամերիկյան խաղաղապահ ուժերը: Այդ մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան: Ըստ դիվանագետի, որոշ տեղեկությունների համաձայն` ամերիկյան խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել Ֆիզուլիում:
«Սա ոչ պաշտոնական աղբյուրներից է, բայց այսօրվա դրությամբ Իրանը միակ երկիրն է, որը գտնվում է հակամարտության տարածաշրջանի հարևանությամբ և, բնականաբար, պետք է, որ պահպանի իր ազգային անվտանգությունը: Այդ տեսանկյունից Իրանը շահագրգիռ կլինի կայունության հաստատմանը»,- նշեց դեսպանը և միաժամանակ հավելեց, որ դեռ վաղ է խոսել խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության մասին, քանի որ գործընթացը գնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Սակայն Իրանը թույլ չի տա նման զարգացում»,- շեշտեց դիվանագետը և հավելեց, որ տարածաշրջանային բոլոր խնդրիները պետք է լուծվեն միայն այդ տարածաշրջանի երկրների կողմից` առանց այլ ուժերի միջամտության:
Սեյեդ Ալի Սաղայիան նաև հայտնեց, որ Իրանում չեն կիսում այն տեսակետը, թե Նախիջևանում կարող են տեղակայվել թուրքական զինված ուժերը:
«Ես կարծում եմ, որ դա կհակասի Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը, կարծում եմ, որ Նախիջևանը այն տարածքը չէ, որ Թուրքիան ցանկանա իր ուժերը տեղակայել»,- ասաց Սեյեդ Ալի Սաղայիան:
Անդրադառնալով այն վերլուծություններին, թե Իրանը` Թուրքիայի նման ցանկանում է փոփոխել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը` դեսպանը շեշտեց, որ պաշտոնական Թեհրանը գտնում է, որ դա միայն հակամարտության կողմերի խնդիրն է:
«Սակայն բոլորին է հայտնի, որ Իրանն ունի անշահախնդրություն և Հայաստանի, և Ադրբեջանի նկատմամբ, և կարող է շատ լավ դերակատարություն ունենալ հիմնախնդրի կարգավորման հարցում»,- նշեց Սեյեդ Ալի Սաղայիան: