23/06/2010 12:53
Դեսպան. Հունիսի 18-ի բախումն այլ երկրների սադրանքի հետևանք է
Ադրբեջան-ԼՂՀ ռազմագծում հունիսի 18 լույս 19-ին տեղի ունեցած բախումը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների սադրանքի հետևանք է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան, զերծ մնալով պատասխանել լրագրողների այն հարցին, թե կոնկրետ որ երկրները նա նկատի ունի: Դիվանագետը նաև ցավակցություն հայտնեց զոհված զինծառայողների հարազատներին:
Հիշեցնենք, որ ս.թ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, դեսպանը նշեց, որ պաշտոնական Թեհրանը միշտ այն կարծիքի է եղել, որ ցանկացած հակամարտություն և բախում որևէ կերպով չի նպաստում որևէ երկրին և ժողովրդին և պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:
«Ցանկացած հակամարտություն և բախում չի նպաստելու որևէ ժողովրդի: Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի միայն խաղաղ բանակցությունների արդյունքում»,- ասաց նա: