23/06/2010 18:00
Ավարտվել է Խալաֆյանի գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի 4 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախաղության մամուլի ծառայությունից, նախաքննության արդյունքում մասնավորապես պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Մ.Հայրապետյանին, Գ. Դավթյանի և Գ. Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: