24/06/2010 15:26
Գեղարքունիքի մարզում նկատելի տեղաշարժ կա
Այսօր Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Մարզի 2009թ. և 2010թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը։ Նշելով, որ հաշվետու ժամանակաշրջանում նկատելի տեղաշարժ է արձանագրվել մարզի տնտեսության կայունացման ու զարգացման, համախառն ներքին արդյունքի աճի, բնակչության եկամուտների ավելացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, համայնքային զարգացման և կենսագործունեության մյուս ոլորտներում, նա ներկայացրել է նաև առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել կառավարության անդամների հարցերին։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։