24/06/2010 11:50
Իրանական ԶԼՄ-ներ. Իրանի վրա կարող են հարձակվել Ադրբեջանից
Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին ռազմական իրավիճակ է հայտարարված: Ինչպես հայտնում է MIGnews.com-ը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, արդեմ մի քանի օր է, ինչ Ադրբեջանի հետ սահմանի մոտ են կուտակվում Իսլամական հեղափոխության պահապանների գումարտակի ստորաբաժանումներն ու ռազմական տեխնիկան: Իրանական ռազամկան ոլորտի ներկայացուցիչներն այդ քայլը մեկնաբանում են Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների առկայությամբ, ընդ որում նշում են, որ ռմբակոծիչներն ադրբեջանական տարածք են բերվել Վրաստանով:
Ըստ իրանական DEBKAfile-ի վերլուծաբանների, Իրանը զորքեր կուտակելու նվազագույնը երեք պատճառ ունի. Ադրբեջանում իրոք տեղակայված են ԱՄՆ և Իսրայելի ռազմական ստորաբաժանումները, Իրանն արձագանքում է Պարսից ծոցում ամերիկա-իսրայելական նավախմբի տեղակայմանը կամ իրանական զորքերը կուտակվում են միջէթնիկական լարվածության մեծացման պատճառով, քանի որ հունիսի 20-ին մահապատժի է ենթարկվել սուննի ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբդուլմալեք Ռիգը:
Իրանական Asriran.com-ի տեղեկություններով, Իսրայելը հարվածելու է Իրանին` օգտագործելով Վրաստանի և Ադրբեջանի տարածքները: Աղբյուրի համաձայն, Իսրայելի այդ նոր ռազմավարական նախագիծը մշակվել է Թուրքիայի հետ ռազմական դաշնագրի խզումից հետո: Կայքը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ վերջերս Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է ռազմական նոր հայեցակարգը, որին համաձայն թույլատրվում է օտար զորքերի ներկայությունը երկրի տարածքում: