24/06/2010 12:29
Ընդդիմությունը «դեմ» քվեարկեց, բայց նախագծերն ընդունվեցին
71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը:
Հիշեցնենք, որ օրինագծի քննարկումը շարունակվում էր երեկվա ԱԺ արտահերթ նիստում: Եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց պատգամավորների առաջարկությունների հիման վրա կատարված նախագծի հիմնական խմբագրումները, որոնց համաձայն` հիմադրվելու են 11 այլընտրանքային դպրոցներ, որոնցից 9-ը միջպետական և միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ստեղծված, որտեղ ուսուցումը կիրականացվի 9-րդ դասարանից, և 2-ը` մասնավոր, որոնք կհիմնադրվեն Ջերմուկում և Դիլիջանում, որտեղ ուսուցումը կիրականացվի 7-րդ դասարանից:
Այս առիթով նշենք նաև, որ նախօրեին նախարար Ա. Աշոտյանը խոստացավ նաև նախքան երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ԱԺ ներկայացնելը համապատասխան հիմնավորումներով առաջարկություններ ստանալու դեպքում, առ այն, որ հնարավոր է Կառավարության առաջարկած նպատակն իրականացնել` առանց «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխության, «չդիպչել օրենքին»:
Օրինագծին դեմ քվեարկեցին ԱԺ-ում «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների նիստին ներկա գտնվող պատգամավորը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը և Տիգրան Թորոսյանը: Մեկ ձեռնպահ ձայնը ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանինն է: