25/06/2010 13:14
«Նաբուկո»-ի համար Վիեննան գերադասում է Բաքուն Երևանից և Թբիլիսիից
Ավստրիան շահագրգռված է «Նաբուկո» ծրագրով, այդ պատճառով էլ Հարավային Կովկասում առաջին դեսպանատունը բացում է Բաքվում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր Երևանում կայացած համատեղ ասուլիսին հայտարարեց Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու՞ Վիեննան բացում է դեսպանատունն այն երկրում, որն արգելել է Ավստրիայի մի քանի քաղաքացիների մուտքն իր տարածք, այլ ոչ թե Հարավային Կովկասի մյուս մայրաքաղաքներում:
«Մեր նախկին նախարարը խոստացել էր բացել դեսպանատներ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։ Սակայն այդ ծրագրին խանգարեց ճգնաժամը»,- ասաց ավստրիացի նախարարը` միաժամանակ, նշելով, որ այդ ծրագրերը դեռ ուժի մեջ են։
Պատասխանելով հարցին, թե ինչու օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ ավստրիացի նախարարը չարձագանքեց Հայաստանի նկատմամբ նոր ռազմատենչ հայտարարություններին` Շպինդելեգերը միայն ասաց. «Ես չեմ մեկնաբանում իմ գործընկերոջ արած հայտարարությունը։ Չեմ եկել լուծելու Ադրբեջանի և Հայաստանի խնդիրը։ Դրա համար կա Մինսկի խումբ, մենք եկել ենք կողմերից լսելու իրենց դիրքորոշումները և ստանալ համապարփակ պատկեր»։