25/06/2010 16:42
Ռ. Սաֆրաստյան. Նախիջևանում թուրքական զորքեր չեն տեղակայվի
Այսօր ասուլիսի ժամանակ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ այն տեսակետին, թե մոտ ժամանակներում հնարավոր է, որ Նախիջևանում տեղակայվեն թուրքական զինված ուժերը, իսկ Լեռնային Ղարաբաղում` ռուսաստանյան խաղաղապահները:
«Համոզված եմ, որ Նախիջևանում թուրքական զորքեր չեն տեղակայվի: Դրա համար չկա որևէ իրավական հիմք: Եթե թուրքերը փորձում են որպես հիմք համարել Կարսի պայմանագիրը, ապա այնտեղ դրա մասին ոչ մի խոսք չկա»,- ասաց նա և շեշտեց, որ նման քայլով Թուրքիան ուղղակի հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանի հետ:
«Համոզված եմ, որ ստատուս քվոն Հարավային Կովկասում այսօր ի նպաստ Ռուսաստանի է: Նա բացարձակ ոչ մի շահագրգռվածություն չունի, որ թույլ տա տարածաշրջանում տեղակայվեն ռուսական զորքեր, ոչ էլ ստիպված է դա անել»,-ասաց փորձագետը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջը խաղաղապահ զորքերի տեղաբաշխման հնարավորության մասին, Ռ. Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ նման պայմաններում դրա համար որևէ նախադրյալ դեռ չկա: