26/06/2010 11:41
«Բրիջ Արցախ-2010» 2-րդ տնտեսական համաժողովը մեկնարկել է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին մասնակցել է «Bridge Artsakh 2010» 2-րդ տնտեսական համաժողովին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
Ելույթի տեքստը տրամադրել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
«Ողջունում եմ «Բրիջ Արցախ-2010» 2-րդ տնտեսական համաժողովի մասնակիցներին եւ մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք:
Ուրախալի է, որ այս կարեւոր միջոցառման անցկացումն Արցախում արդեն իսկ դարձել է բարի ավանդույթ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում նրա կազմակերպիչներին ու նախաձեռնողներին: Դա լավ առիթ է մեր հանրապետության տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին տեղում ծանոթանալու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկելու, Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու համար:
Լեռնային Ղարաբաղում բարձր ենք գնահատում Հայաստանի եւ օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ կապերի ու շփումների զարգացման, փոխշահավետ համագործակցության հաստատման յուրաքանչյուր փորձ: Մենք բաց ենք նման համագործակցության համար եւ պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Մեզ մոտ ստեղծված են բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրերի հաջող իրականացման եւ գործարարության հետագա զարգացման ուղղությամբ: Դրանում համոզվելու հնարավորություն են ընձեռում նաեւ նման նախաձեռնությունները:
Հուսով եմ, որ համաժողովի շրջանակներում կլինեն գործնական քննարկումներ, կծավալվի արդյունավետ երկխոսություն, ինչը օգտակար կլինի ինչպես Արցախի, այնպես էլ տարբեր երկրների գործարարների համար:
Բարեկամներ, կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ Արցախ այցելելու եւ տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, մաղթում եմ ձեզ հաջողություններ ու ամենայն բարիք», - ասել է Բակո Սահակյանը: