26/06/2010 09:50
Օթունբաևա. Ղրղզստանը ՀԱՊԿ-ից կստանա «երկար սպասված օգնությունը»
Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաևան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ասուլիսում բարձր է գնահատել ՀԱՊԿ առաքելությունը Ղրղզստանում` նշելով, որ «Ղրղզստանը կստանա երկար սպասված օգնությունը, որի կարիքն ուներ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրղզստան է ժամանել ՀԱՊԿ պատվիրակությունը` կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ: ՀԱՊԿ օպերատիվ խմբի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև ՀԱՊԿ Քարտուղարության և Միասնական շտաբի ներկայացուցիչները:
Ներկայացնելով առաքելության նպատակները` Ն.Բորդյուժան նշել է Ղրղզստանի Հանրապետությունում ռազմաքաղաքական իրադրության գնահատումը, օգնությունը այս երկրի իրավապահներին` հայտնաբերել բախումներ հրահրողներին և պատժել նրանց:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նիկոլայ Բորդյուժան նաև նշել է, որ ՀԱՊԿ օպերատիվ խումբը 10 օր կաշխատի Օշ քաղաքում, իսկ ՀԱՊԿ երկրները նյութատեխնիկական աջակցություն կցուցաբերն Ղրղզստանին:
Նշենք, որ վաղը Ղրղզստանում պետք է տեղի ունենա նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե:
Այս առիթով Ռոզա Օթունբաևան վստահեցրել է, որ Ղրղզստանն ի վիճակի է կարգուկանոնին հտևել, այդ իսկ պատճառով վերացրել է պարետային ժամը:
«Սակայն, միջոցառումների ավարտից հետո մենք կվերականգնենք այն, որպեսզի ապահովենք անվտանգությունը երկրի հարավում», - հայտարարել է Ռ.Օթունբաևան: