28/06/2010 13:43
Դեսպան. «Ուժի կիրառումը և նման մջադեպերն անընդունելի են»
«Ցավում ենք միջադեպի համար և գտնում ենք, որ ուժի կիրառումը և նման միջադեպերն անընդունելի են»,- ընդգծեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսեյլը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրադառնալով հունիսի 18-ին Արցախի Հանրապետություն ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբի սադրանքին:
Դեսպանի համոզմամբ` հակամարտության «երկու կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառման սպառնալաիքից»:
«Սա ևս մեկ անգամ շեշտում է բանակցությունների միջոցով լուծում գտնելու կարևորությունը, որպեսզի կանխվեն նման դեպքերը հետագայում»,- հայտնեց Չ. Լոնդսեյլը և հավելեց. «Մեծ հույսեր ունենք, որ նման միջադեպեր հետագայում չեն լինի, ու խրախուսում ենք երկու կողմերին` մեծացնել ջանքերը վերջնական լուծման հասնելու համար»:
Թե ինչպիսի՞ն կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը, ըստ Չ. Լոնդսեյլի` «Մեծ Բրիտանիայի որոշելիք հարցը չէ»: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով` «որպեսզի լուծումը երկարատև լինի, այն պետք է համաձայնեցվի կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի հետ»:
«Լուծումը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ 3 հիմնարար սկզբունքների վրա` ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության իրավունքի և ուժի չգործադրման պահանջի»,- շեշտեց ՄԲ դեսպանն ու ավելացրեց. «Թե ինչպե՞ ս են այս սկզբունքները կիրառվելու և ինչպիսի՞ վերջնական լուծում է գտնվելու դրանց հիման վրա, բանակցությունների մեջ ներգրավված կողմերի որոշելիք հարցն է»: