29/06/2010 16:32
Հարց չկա... հայերի ո՛չ որակավորման, ո՛չ ունակությունների մասին
«Հարց չկա հայերի ո՛չ որակավորման, ո՛չ ունակությունների մասին և, ակնհայտորեն, հնարավորություն կա Հայաստանում էլ ավելի զարկ տալու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՏՏ ոլորտում Համաշխարհային Ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը:
Նա տեղեկացրեց, որ երկրի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկել են կրթական ոլորտին` տարրական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումից մինչև ԲՈՒՀ-երում գիտական ծրագրերի իրականացում, և վենչուրային հիմնադրամների ստեղծմանն առնչվող ընդհանուր հարցեր:
«Վստահ եմ, որ այս ուղղություններով քայել կձեռնարկվեն»,- ասաց Ք. Բարրեթը:
Ք. Բարրեթի խոսքով, դեռ 20 տարի առաջ «Ինտելն» ուսումնասիրում էր Խորհրդային Միությունից ձեռքբերված կիսահաղորդիչները, որոնց մեծ մասը պատրաստվել էր Հայաստանում:
Ներկայացնելով իր տպավորությունները Հայաստանի մասին` Ք. Բարրեթը նշեց, որ այստեղի շոգը համեմատելի է իր հարազատ Արիզոնայի շոգի հետ: