29/06/2010 18:00
Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչությունը կբացվի այս աշնանը
ԱՄՆ Սիլիկոնյան հովտում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կբացվի այս աշնանը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսաելյանը:
«Այդ գրասենյակի բացումը մեծ խթան է հանդիսանալու, որպեսզի հայկական ընկերություններն ավելի ներկայանալի լինեն Միացյալ Նահանգներում, մոտ լինեն Սիլիկոնյան հովտին և այնտեղ առկա գիտակրթական միջավայրին»,- ասաց Հ. Մուսաելյանը:
Նրա խոսքով, Սիլիկոնյան հովտում հայկական ներկայացուցչությունը նախատեսվում էր բացել դեռ անցած տարի, սակայն դրան խոչընդոտեցին որոշ տեխնիկական խնդիրներ:
«Դրա դրական արդյունքները մենք ժամանակի ընթացքում անպայման կարձանագրենք»,- վստահություն հայտնեց Հ. Մուսաելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ներկայացուցչությունը նախատեսվում է տեղակայել «Plug & Play» համակարգչային ձեռնարկությունների ինկուբատորում, որի հետ համագործակցություն հաստատվել է 2009 թ. նոյեմբերին ինկուբատորի տնօրենի Հայաստան այցելության ընթացքում: