29/06/2010 12:46
Մեկնարկեցին Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարները
Այսօր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում մեկնարկեց Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարների առաջին շարքը: Առևտրի ֆինանսավորման ակադեմիան ստեղծվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի համագործակցության շրջանակներում և նպատակ ունի օժանդակել Հայաստանում գործող ներմուծում և արտահանում իրականացնող ընկերություններին առավելագույնս օգտվելու առկա առևտրային հնարավորություններից:
«Ակադեմիան կնպաստի Հայաստանում արտաքին առևտրում ներգրավված ներմուծում և արտահանում իրականացնող սուբյեկտների գործունեությանը նոր որակ հաղորդելու համար: Ակադեմիայի դասընթացների մասնակիցներին հնարավորություն կընձեռվի, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան արտաքին առևտրի ֆինանսավորման գործիքների և հնարավորությունների ողջ զինանոցին, ավելի հստակ կարողանան գնահատել արտաքին առևտրի ոլորտում առկա բոլոր ռիկսերը և ավելի արդյունավետ կառավարեն դրանք, որպեսզի ավելի ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքն արտաքին շուկա մուտք գործելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Կարեն Գևորգյանը:
Նրա խոսքով, Էյչ-Էս-Բի-Սի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի այս նախաձեռնությամբ միջազգային առևտրում բիզնեսը զարգացնելու նպատակ ունեցող ընկերություններին կներկայացվեն սեմինար-դասախոսություններ և առևտրի օժանդակման այլ ծառայություններ: Սեմինարները կանցկացվեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման ծառայությունների մասնագետների կողմից: Կ. Գևորգյանը հայտնեց, որ սա Էյչ-Էս-Բի-Սիի գլոբալ նախաձեռնությունն է` նման դասընթացներ իրականացվում են Անգիայում, Ֆրանսիայում, Վրաստանում և «արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը»: Դասընթացները նախատեսված է իրականացնել ամիսը 3 անգամ հաճախականությամբ:
«Մոտ ամիսների ընթացքում բոլորս կտեսնենք և շոշափելի կդառնան այս ակադեմիայի գործնեության արդյունքները»,- վստահություն հայտնեց Կ. Գևորգյանը: