30/06/2010 12:38
Վ. Բոստանջյան. «Որակական առումով սա այն աճը չէ»
«Տնտեսական աճ իհարկե կա, և դա լավ է»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխղեկավար Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ տնտեսական աճի առկայությունը գնահատվում է որպես միտում, որ չենք գտնվում ավելի վատ վիճակում, քան 2009-ին էր:
Միաժամանակ, պատգամավորը նկատեց, որ որակական առումով սա այն աճը չէ, որ իր ետևից բերում է աշխատատեղերի ավելացում և կենսամակարդակի բարելավում, սակայն այն, որ նահանջ չկա, արդեն հույս է տալիս, որ կարող է լավ լինել:
«Մեկ, երկու ամսվա տնտեսական աճ չի լինում: Տնտեսական աճի մասին կարելի է ընդհանրական եզրակացություն ունենալ գոնե մեկ տարվա կտրվածքով»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Տնտեսագետ-փորձագետ Վահագն Ղազարյանի խոսքով, անցած տարվա համեմատ որոշակի աճ կա, սակայն 7-8 % սղաճի, սպառողական զամբյուղի արժեքի ավելացման պայմաններում այն չի կարող միանշանակ որպես աճ դիտվել:
«Արտարժույթի փոխարժեքի տատանումների ժամանակ գները մի քիչ ավելի առաջ ընկնելով աճում են, իսկ հակառակ դեպքում ոչ թե նման երևույթ չի նկատվում, այլ իսպառ բացակայում է»,- ասաց փորձագետը` հավելելով, որ եթե անգամ մոնոպոլ դիրք ունեցող տնտեսվարողներն իջեցնում են գները, ապա միևնույնն է դրանք չեն հասնում նախքան թանկացումը եղած մակարդակին:
Վ. Ղազարյանը նկատեց, որ միջազգային շուկաներում դիտվում է ապրանքների գների նվազում, մինչդեռ Հայաստանում ոչ: Ընդ որում, մաքսային կոմնորոշիչ գների մակարդակն ավելի բարձրացել է` 20-25 %-ով:
«Այս աճն ընդամենը ժամանակավոր, թվերի ոչ ֆիքսված վիճակի կարճաժամկետ երևույթ է: Երկարաժամկետ կերևա միայն եռամսյակից հետո»,- փաստեց փորձագետը: