30/06/2010 13:43
Վ. Բոստանջյանի մեկնաբանությունները ԱՄՀ վարկի մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխղեկավար Վարդան Բոստանջյանը, խոսելով երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին շուրջ 395 մլն դոլար վարկ հատկացնելու որոշման մասին, նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ընդարձակ, մեծ ֆինանսական հնարավորություններ և, բնականաբար, մեծ գործառույթներն իրականացվում են նման վարկային ռեսուրսների հաշվին:
«Սա դինամիկ պրոցես է: Բյուջետային, այդպես, բյուջեի կտրվածքով դրանց ծախսումը ցույց է տալու ընթացքը, որքան եկամուտներ կհավաքագրենք, որքան կարիքներ կունենանք, բայց գոնե այդպես մենք ունենք իրավական հիմք, օրենք, համաձայն որի երբևիցե չենք կարող դեֆիցիտը, գոնե հիմա, 7.5 %-ից բարձր անել: Այսինքն, որքան անհրաժեշտ է մինչև այդ սահմանագիծը կօգտագործենք այդպիսի միջոցներ»,- փորձեց մեկնաբանել պատգամավորը ու հավելեց. «Ընդհանրապես, եթե հանկարծակի էլ օգտագործենք նման միջոցներ, չեմ կարծում, որ մեղադրելի մի բան կա»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխղեկավարը նաև տեսակետ հայտնեց, որ «համապատասխան մոտեցումների դեպքում կարող է չափազանց լավ լինել, եթե լինի այդ մոտեցումը»: