30/06/2010 09:48
Հիլարի Քլինթոնը Հայաստանում կքննարկի տարածաշրջանային հարցեր
Հուլիսի 1-ից մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շրջագայությունը դեպի Ուկրաինա, Լեհաստան, իսկ այնուհետև` Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:
Ուկրաինայում Քլինթոնը կբանակցի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ, ինչպես նաև կմասնակցի ամերիկա- ուկրաինական ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:
Լեհաստանում ԱՄՆ պետքարտուղարը հուլիսի 3-ին ներկա կգտնվի «Ժողովրդավարությունների ընկերակցության» տասնամյակի տոնակատարությանը: Նշենք, որ այս ընկերակցությունը հիմնվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի և լեհական կողմի հետ համատեղ:
Կրակովում Հիլարի Քլինթոնը երկկողմ հանդիպում կունենա այս երկրի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ:
Հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Նա նաև հնարավորություն կունենա խոսել երիտասարդության հետ մամուլի ազատության մասին», - հայտնել է Գորդոնը:
Հայաստան Հիլարի Քլինթոնը կժամանի հուլիսի 4-ի երեկոյան: Երևանում կկայանա ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հիլարի Քլինթոնը իր երևանյան այցի շրջանակներում կբանակցի նաև իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Երևանում նա քաղաքացիական հասարակության հետ կքննարկի մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր», - նշել է Ֆիլիպ Գորդոնը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են լինելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Իսկ հուլիսի 5-ին ԱՄՆ պետքարտուղարին կսպասեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ կկայանա Քլինթոն-Սահակաշվիլի հանդիպումը: Այստեղ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում կունենա ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: