30/06/2010 12:13
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր հրատարակությունները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հովհաննես Ծործորեցու «Մեկնություն Մատթեոսի Ավետարանի» աշխատությունը:
Մատթեոսի Ավետարանի ներկա մեկնությունը գրվել է Հովհաննես վարդապետ Ծործորեցու կողմից 1316 թվականին` որպես շարունակություն ս. Ներսես Շնորհալու Մատթեոսի Ավետարանի մեկնության, որ ընդհատվել էր Ե 17 համարով: Սա հայոց միջնադարում ստեղծված հավանաբար ամենածավալուն ու մանրակրկիտ մեկնությունն է, որ կատարվել է համաքրիստոնեական և հայ հայրերի մեկնությունների հիման վրա: Երկհատոր այս աշխատության թարգմանությունը գրաբարից իրականացրել և ծանոթագրել է Սեդա Ստամբոլցյանը:
Հրատարակչական բաժինը հրատարակել է նաև Ս. Եփրեմ Ասորու «Ճառընտիրը», որն ընդգրկում է Ս. Եփրեմի ճառերի ընտրանին` «Կցուրդ Ս. Եփրեմի Ասորւոյ» (Ն. Ակինեան, Վիեննա, 1957) և «Սրբոյն Եփրեմի Մատենագրութիւնք, հատոր 4, Ճառք եւ աղօթք» (Վենետիկ, Ս. Ղազար, 1836) հրատարակություններից: Գրաբարից թարգմանությունն իրականացրել է Մարթա Արաբյանը:
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից, երկու աշխատությունները հրատարակվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: