30/06/2010 17:50
Երևանը կունենա տարածաշրջանի ամենամեծ գործարար կենտրոնը
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունիսի 29-ին պաշտոնական այցով Երևան է ժամանել Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Րեսինի գլխավորած պատվիրակությունը: Այսօր Վլադիմիր Րեսինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարան: Ողջունելով հյուրերին Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Մոսկվայի կառավարությանը` երկու երկրների մայրաքաղաքների միջև ստեղծված համագործակցության կայուն դաշտում գործադրած ջանքերի համար:
Կողմերը քննարկել են Երևանի Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Վլադիմիր Րեսինը, կարևորելով Նորագյուղ թաղամասում նախատեսվող քաղաքաշինական ծրագիրը, նշել է. «Մեր պատվիրակության կազմում է Մոսկվայի գլխավոր ճարտարապետը: Հայերը լավ շինարարներ են, ես կարծում եմ, որ ձեր մասնագետների հետ միասին մենք կունենանք դրական արդյունք»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ ծրագիրը շատ կարևոր է քաղաքի զարացման համար:
Երևանի քաղաքապետը կարևորել է նաև այն փաստը, որ Մոսկվայի կառավարությունը և մոսկովյան ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերել Նորագյուղ թաղամասում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրի իրականացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այնուհետ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու Վլադիմիր Րեսինն այցելել են ծովակալ Իսակովի արձան, որտեղից դիտել են քաղաքաշինության համար նախատեսված տարածքը:
Նշենք, որ Նորագյուղ թաղամասը գտնվում է Իսակովի պողոտայի հարևանությամբ: Պասկևիչի բլուրն` իր շրջակա տարածքով, որտեղ նախատեսվում են կառուցապատման աշխատանքները մոտ 158 հա է:
Հյուրերին տեղում ներկայացվել է Երևանի նոր գործարար-մշակութային կենտրոնի նախագիծն ու մանրակերտը: Այնուհետև Գագիկ Բեգլարյանն ու Վլադիմիր Րեսինը պատասխանեցին լրագրողների հարցերին: Ներկայացնելով նախագծի նպատակը` քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Երևանի այժմյան կենտրոնը գերծանրաբեռնված է. «Երևանին անհրաժեշտ է նոր կենտրոն, որը նախատեսել ենք կառուցել Նորագյուղ թաղամասում` այն պայմանականորեն կոչենք Նոր Երևան»,- նշել է Գ. Բեգլարյանը` հավելելով, որ այստեղ կլինեն տարբեր` միջազգային, գործարար, դիվանագիտական, մշակութային, կրթական և այլ ֆունկցիոնալ կառույցներ, տեխնոպարկեր, բիզնես կենտրոններ, ուսանողական շենքեր, բնակելի տներ, բավականին մեծ հանրային կանաչ զանգված և այլն: