30/06/2010 12:18
Նոտարական ոլորտում մոնիթորինգ է իրականացվել
Այսօր ներկայացվեց «ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների զեկույցը: Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, մոնիթորինգի նպատակը նոտարական ծառայությունների մատուցման ոլորտում հնարավոր բացերի և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումն է:
«Արդյունքում ամրանում է պետական կառավարման քաղաքականությունը, մեծանում է հասարակության վստահությունը պետական մարմինների նկատմամբ, և ամրապնդվում է ժողովրդավարությունը»,- ասաց Կ. Զադոյանը` հավելելով, որ իրականացրած մոնիթորինգի արդյունքում բացահայտված թերություններն ու բացասական երևույթներն արդեն շտկվում են:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարել Հոֆստրան իրենց ելույթներում նշեցին, որ նման մոնիթորինգները պետական կառավարման արդյունավետ կայացման գործում կարևոր են և միջոց են կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը: Նրանց խոսքով, այս մոնիթորինգի նպատակն էր ընդլայնել պետական կառավարման մարմինների կարողությունները, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարելավել ծառայությունների որակը:
«Օրենսդրական նախաձեռնությունները, երբ զուգակցվում են հասարակական կարծիքի բացահայտման հետ, դառնում են ավելի հիմնարար և արդյունավետ»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` ավելացնելով, որ ակնկալում է գրանցված թերությունների վերացում:
Ի դեպ, նոտարական ոլորտում խախտումներից ամենատարածվածը գաղտնիության սկզբունքի բացակայությունն է: