01/07/2010 15:44
Ի.Մուրադյան. Քլինթոնի այցը ոչինչ չի փոխի
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը Հայաստան և Ադրբեջան վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Կովկասում, գտնում է քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա տեսակետ հայտեց, որ Վաշինգտոնը ցանկանում է ցույց տալ, որ ինքն է լուծում հարցը, և այդ նախաձեռնությունը հենց իրենն է, ոչ թե Մոսկվայի կամ Փարիզի: Ըստ բանախոսի, նախանշված օրակարգով` միջնորդները կգնան Բաքու ու կասեն, որ Երևանում իրենք ամեն ինչ պայմանավորվել են:
Փորձագետի կարծիքով, Քլինթոնի այցից հետո տարածաշրջանում ոչինչ էլ տեղի չի ունենա, ու ոչ ոք պետքարտուղարին անհամաձայնություն չի հայտնի մադրիդյան սկզբունքների ու Կանադայում երեք գերտերությունների նախագահների արած հայտարարության վերաբերյալ:
«Դա քաղաքական այց չէ, և ոչինչ այստեղ չի լուծվի: Ուղղակի կասվի, որ մենք հայտարարություն ենք արել: Դուք դրան համաձայն ե՞ք: Ոչ նախագահը, ոչ էլ արտգործնախարարը անհամաձայնություն չեն հայտնի»,-ասաց Ի.Մուրադյանը:
Վերլուծաբանը գտնում է, որ Քլինթոնի այցն ու երեք նախագահների հայտարարությունը երեք հանգամանքով է պայմանավորված: Նախ, ըստ նրա, ԱՄՆ-ն ցանկանում է հավաքագրել Ռուսաստանին` դարձնելով նրան ոչ թե գործընկեր, այլ իր խնդիրների ու ռազմավարության իրականացման մասնակից: Երկրորդ, Վաշինգտոնը ուզում է ցույց տալ Անկարային, որ ամեն ինչ կորած չէ համագործակցության շարունակության համար:
Ա.Մուրադյանը նաև հայտնեց, որ ամերիկյան շատ փորձագետների անհանգստացնում է այն, որ Հարավային Կովկասում և Ուկրաինայում առկա է մտավախություն, իբր ամերիկացիները դավաճանել են իրենց:
«ԱՄՆ-ի համար դա հաճելի չէ, ու դրա համար վարչակազմը փորձում է ցույց տալ հակառակը` անել ռևերանսներ Կովկասում ու Կիևում»,- ասաց Ի.Մուրադյանը: