02/07/2010 17:18
ՀՀ փոխվարչապետն ընդունել է Դամթյու Դեսալեյնեին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` փոխվարչապետը շնորհավորել է հյուրին առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնլց, որ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի և կարձանագրվեն նոր հաջողություններ:
Նա նշել է, որ գրասենյակը մշտապես աջակցել է ՀՀ կառավարությանը` փախստականների խնդիրների լուծման հարցում և գործակցության լավ օրինակ համարեց սոցիալական տների ստեղծման համատեղ փորձը: Ներկայացնելով իրավիճակը` Ա. Գևորգյանն ընդգծել է, որ փախստականների խնդիրները եղել և մնում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Նշվել է, որ թեև փախստականներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, սակայն խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, և այդ նպատակով Հայաստանում նախատեսվում է կազմակերպել միջազգային դոնոր կազմակերպությունների համաժողով:
Դամթյու Դեսալեյնեն նշել է, որ փոխվարչապետ Ա. Գևորգյանն առաջին պաշտոնյան է, ում հանդիպում է Հայաստանում, ինչը, ըստ նրա, վկայում է ՀՀ կառավարության և ՓԳՀ հայաստանյան գրասենյակի սերտ գործակցության մասին:
Նա իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը` համագործակցությունը շարունակելու և համատեղ նոր նախաձեռնություններ, գաղափարներ կյանքի կոչելու ուղղությամբ:
ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչն ասել է, որ տեղեկացված է համաժողովի մասին և նշեց, որ պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել համաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը: Անդրադարձ է եղել նաև համաժողովի հետ կապված այլ կազմակերպչական հարցերի: