03/07/2010 17:30
Երևանը` 2012 թ-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք
«Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրապարակել է իր որոշումը, ըստ որի` 2012 թվականին Երևանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի կողմից ծրագրին մասնակցելու փաթեթը ներկայացվել էր կես տարի առաջ, որի վրա շատ երկար աշխատանք էր տարվել: «Փորձել էինք կատարել ներկայացված բոլոր պահանջները, դրա համար էլ հավակնություն ունեինք, որ մեր մայրաքաղաքն է հռչակվելու համաշխարհային գրքի մայրաքաղաք: Երկար փուլային ընտրություններից հետո, ի վերջո, երկու քաղաքներից, որոնք անցել էին վերջին փուլ, ընտրվել է Երևանը, որի մասին հայտարարվել է հենց այսօր»,- ասաց նախարարը:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ շատ ուրախալի և ողջունելի է այս իրադարձությունը, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է Երևանի քաղաքապետարնի հայտը:
«Հատկանշական է, որ 2012-ին լրանում է Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված հայերեն տպագիր առաջին գրքի` «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը, ինչպես տեղյակ եք, հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, պատրաստվում ենք նշել մեծ շուքով: Միջոցառումները պատշաճ անցկացնելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով: Սա նաև առիթ էր, որ մենք գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչման համար հայտ ներկայացնենք»,- հավելեց նա:
Քաղաքապետի խոսքերով, ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հրատարակիչների, Գրավաճառների և Գրադարանավարների երեք միջազգային կազմակերպությունները ընտրում են այն քաղաքը, որը հռչակվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Գ. Բեգլարյանն ընգծեց, որ ընտրությունը կատարվում է քաղաքապետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Նա հայտնեց, որ Երևանը հայտը ներկայացրել էր մարտ ամսին: «Ընտրության համար հիմք են ծառայում առաջարկված միջոցառումների ծրագրի որակը, բազմազանությունը և մի շարք այլ գործոններ»,- հավելեց նա:
Քաղաքապետը նշեց, որ գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը մինչ այժմ կրել են 11 քաղաքներ` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը և այլ: «Բուենոս Այրեսը ընտրվել է գրքի համաշխարհային 11-րդ մայրաքաղաք` 2011թ.: Երևանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012 թ-ի ապրիլի 23-ից մինչև 2013-ի ապրիլի 22: Նշենք, որ ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի և հեղինակային իրավունքների միջազգային օր: