06/07/2010 15:05
Վարչապետը շնորհավորել է շախմատիստուհիներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Ջերմուկում ավարտված շախմատի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարի փակման արարողությանը։ Ողջունելով առաջնության մասնակիցներին ու ներկաներին և կարևորելով Ջերմուկի` համաշխարհային շախմատային կենտրոն վերածվելու հանգամանքը` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ջերմուկ քաղաքը խթանում է շախմատի զարգացումը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև շախմատի սիրահարներն ամբողջ աշխարհում շատ ուշադիր հետևում էին, թե ինչ է այստեղ կատարվում, իսկ մենք հիասքանչ շախմատային խաղերի վկաներն էինք։ Այսօր Ջերմուկ քաղաքում են գտնվում ուժեղագույն շախմատիստուհիները, և այս գեղեցիկ միջոցառման շնորհիվ ամբողջ աշխարհը հնարավորություն ունեցավ վայելելու կանանց այս գեղեցիկ մրցաշարը»։
Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին միջոցառման կապակցությամբ` վարչապետը նշել է. «Համոզված եմ` շախմատային այս միջոցառումը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում այս ինտելեկտուալ խաղի տարածմանը, և շախմատը Հայաստանն աշխարհին ներկայացնելու է որպես հզոր ինտելեկտուալ կայսրություն»: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Մրցաշարի 12 մասնակիցներից հաղթող է ճանաչվել վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, երկրորդ տեղն է գրավել ռուսաստանցի Տատյանա Կոսինցևան, իսկ երրորդը` Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը։