06/07/2010 13:56
Ադրբեջանում մոնոպոլիզացվում է նաև բանկային հատվածը
Ադրբեջանում գործող 40 բանկերից 17-ը սնանկ են ճանաչվել: Դա պատահական չէ, քանի որ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հովանավորում է միայն իշխող շրջանակներին մոտ բանկերին: «Ազադլըգը» գրում է, որ Ադրբեջանի բանկային հատվածում մոնոպոլիզացման երևույթը վտանգավոր միտում է:
Ադրբեջանի տնտեսական ինովացիայի կենտրոնի ղեկավար Մեհեմմեդ Թալըբլըն թերթի հետ զրույցում ասել է, որ վնասով աշխատող բանկերի ավելացումը խոսում է այդ երկրում մակրոտնտեսական իրավիճակի ոչ հավասարակշիռ կառավարվելու մասին: Ըստ նրա, բանկերի ֆինանսական հնարավորությունների նեղացումը իրականում ազդանշանում է երկրում ֆինանսական ռեսուրսների կառավարման դժվարացման մասին:
«17 բանկերի սնանկացման գնալը դժվար կացության մեջ է դնում բիզնես սուբյեկտներին և գործարարներին: Առանց այն էլ Ադրբեջանում բիզնես միջավայրը ձեռնտու մակարդակի վրա չէր: Բանկային հատվածի` նման դժվար կացության մեջ հայտնվելը ավելի է թանձրացնում այդ իրավիճակը: Այն, որ գործարարները բանկերից չեն կարողանում վարկեր ստանալ, խոչընդոտ է երկրի տնտեսության զարգացման համար: Բանկային հատվածում սուբյեկտների բաժանումը «օտարների» և «յուրայինների», անկասկած, բացասական արդյունք կունենա, իսկ դա տանում է մի շարք բանկերի գործունեության սահմանափակման, ինչը վտանգավոր միտում է»,- ասել է նա: