06/07/2010 09:48
ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Ռոբերտ Բրադկեն /ԱՄՆ/ և Բեռնար Ֆասյեն /Ֆրանսիա/ երկուշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաքում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին անցնել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին:
«Համանախագահները կոչ են անում կողմերին կառուցողական փոխզիջման եղանակով անել հաջորդ քայլը և անցնել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ աշխատանքների ավարտին` խաղաղության համաձայնագրի կնքման նպատակով», - ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության տեքստում:
Մինսկի խմբի համանախագահները նաև կոչ են արել կողմերին խստորեն պահպանել 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմը, ինչպես նաև` զսպվածություն շփման գծում:
Այդ առնչությամբ համանախագահները դատապարտել են հունիսի18-19-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում երկու կողմերից զինծառայողներ են զոհվել, և կրկին նշելով իրենց ափսոսանքը անիմաստ զոհերի համար, հաստատել են, որ «կտրականապես դատապարտում են ուժի կիրառումը»:
Համանախագահները նաև հույս են հայտնել, որ հուլիսի 16-17-ին Ալմա Աթիում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման կուլուարներում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Հայտարարությունում նշված է նաև, որ հուլիսի 3-5 Բաքվում և Երևանում կայացած հանդիպումների ժամանակ համանախագահներն «ընդգծել են իրենց երկրների դիրքորոշումը` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հիմնված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման Հելսինկյան սկզբունքների, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա»:
Այդ առնչությամբ նրանք նշել են կողմերի առաջընթացը, որը կայանում է նրանում, որ Ակվիլայում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությամբ ամրագրված և 2010-ի հունիսի 26-ին ևս մեկ անգամ հաստատված տարրերը «պետք է դառնան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմք»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: