06/07/2010 18:45
Հայերի բռնի իսլամացում` Թուրքիայում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ 2-3 տասնամյակ անց ստիպված կլինենք ուսումնասիրություններ կատարել 21-րդ դարի սկզբին բռնի կրոնափոխված հայության մասին, քանի որ վերջին շրջանում Թուրքիայում նկատվում է հայերի բռնի իսլամացման նոր փուլ:
Ըստ Մելքոնյանի` Հայաստանից Թուրքիա արտագաղթողները ստիպված են ենթարկվում կրոնափոխության: Նա կարծում է, որ իսլամացումը տեղի է ունենում երկու ճանապարհով. «Թուրքական լրատվամիջոցներում հաճախ ենք հանդիպում հոդվածներ «Հայ հարսը ընդունեց մուսուլմանությունը», «Արմինեն դարձավ Նենջմիե» վերտառությամբ,- ասաց Ռ. Մելքոնյանը` ավելացնելով,- Թուրքիայում հաստատված հայերը, ցանկանալով բիզնես ստեղծել, թուրքական շրջապատում ինտեգրվել և յուրային դառնալ, ընդունում են իսլամը»:
Համաձայն թուրքագետի ուսումնասիրությունների` Թուրքիայի հայկական համայնքում հայ երիտասարդների 82 տոկոսը հայերեն չի խոսում, «նույնիսկ եկեղեցում քարոզը թուրքերենով է, դպրոցներում ուսուցումն արվում է թուրքերեն: Մենք պետք է այս հարցը լուրջ ուսումնասիրենք և կանխենք»: