06/07/2010 16:42
Թուրքիան փոխում է Քուռ գետի ուղղությունը
Ադրբեջանին մեծ էկոլոգիական աղետ է սպասվում: Թուրքիան ծրագրում է փոխել Քուռ գետի ուղղությունը: Վրաստանի սահմանում Արդահանի նահանգի մոտակայքում սկսված նախագծի ավարտից հետո Քուռ գետի Անատոլիայի լեռներից հավաքած ջրի մեծ մասը Վրաստանով և Ադրբեջանով պետք է ոչ թե Կասպից ծով թափվի, այլ Թուրքիայից անմիջապես պետք է հոսի դեպի Սև ծով:
Հղում կատարելով թուրքական մամուլին` Լենտ.ազ-ը հայտնել է, որ այդպիսի նախագծի գոյությունը հաստատել է Թուրքիայի միջավայրի և անտառների նախարար Վեյսել Էրօղլուն: «Քուռ գետի ջուրը Թուրքիային է պատկանում: Նրա ուղությունը կարող ենք փոխել ցանկացած կերպ: Արդեն սկսվել է նոր ջրամբարի շինարարությունը և այդտեղ Քռից հավաքված ջուրը պետք է բաց թողնվի Չորուխ գետ, որը հոսում է Սև ծով»,- ասել է նա: Նախարարը նաև ընդգծել է, որ փոխելով Քուռ գետի ուղղությունը` Թուրքիան հնարավորություն կստանա ոռոգել ցանքատարածությունները, էլեկտրաէներգիա արտադրել և վերացնել հեղեղումները: Ենթադրվում է, որ այդ նախագիծը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր լարվածության առաջացման պատճառ դառնալ: