09/07/2010 12:59
Գևորգ Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան պարոն Թիան Չանչունին: Այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի խոսնակը:
Կողմերն արձանագրեցին իրավական համագործակցության ոլորտում երկու երկրների արդարադատության նախարարությունների կողմից ձեռնարկված որոշ նախապատրաստական աշխատանքների արդյունավետությունն ու հետայսու գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Կողմերը փաստեցին, որ երկու երկրները համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել սոցիալ-քաղաքական կյանքի բազմաթիվ ոլորտներում հարուստ ու արժեքավոր փորձ, ինչը կնպաստի նաև արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:
Չինաստանի դեսպանը, փոխանցելով Հայաստանի արդարադատության նախարարին ուղղված իրենց երկրի արդարադատության նախարարի հրավերը, ընդգծեց, որ իրենք իրատեսական են համարում մոտ ժամանակներում իրավական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ, նպատակահարմար համարվեց երկու նախարարների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:
Քննարկումների արդյունքում կողմերը հանգեցին այն եզրահանգման, որ Չինական կողմը ներկա պահին առավել օգտակար համագործակցություն կարող է ապահովել քրեակատարողական համակարգը ժամանակակից տեխնիկայով վերազինելու և այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու ոլորտներում: Ընդ որում, նպատակահարմար գտնվեց հիշյալ հարցերի առնչությամբ առավել ամբողջական պատկերացում կազմելու նկատառումով` փոխադարձության սկզբունքով, այցելություններ կազմակերպել երկու երկրների քրեակատարողական համակարգեր:
Կողմերը պայմանավորվեցին նաև քրեակատարողական համակարգում զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ համատեղ ուսումնասիրություններ կատարելու և ընդունելի լուծումներ գտնելու հարցերում: