09/07/2010 12:37
Ագրեսիայի դեպքում Ադրբեջանը կարժանանա համարժեք պատասխանի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչայանը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում, պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչով պետք է ջախջախվի ադրբեջանական «ապակյա տնակը»:
Հիշեցնենք, որ դա Շ.Քոչարյանի կողմից արված հայտնի խոսքն է, որը հիստերի էր առաջացրել Ադրբեջանում:
«Խնդիրը առաջին հերթին վերաբերում է քարոզչական եւ իրավական հարթությանը: Այդ հարթությունում Ադրբեջանը, իրոք խոցելի է ապակյա տնակի պես: Ադրբեջանի քարոզչությունը կառուցված է այն պարզունակ պնդման վրա` իբր խնդրի էությունը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ հետեւաբար Հայաստանը զավթել է իր տարածքի մի մասը, մինչդեռ դա աղավաղում է խնդրի ամբողջ էությունը: Մինչդեռ դեռեւս ԽՍՀՄ օրոք, ԼՂՀ-ն իր հանրաքվեով անկախացավ նույնիսկ ավելի շուտ, քան`Ադրբեջանը: Այսինքն`ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Ադրբեջանի վարչական տարածքում կային իրավահավասար երկու պետություն` Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ընդամենը մեկը միջազգայնորեն ճանաչվել է, մյուսը` ոչ: Ավելին, Ադրբեջանը դիմեց էթնիկական զտումների, այսինքն` ծանրագույն ռազմական հանցագործության, Ադրբեջանը մշտապես ժխտում է ԼՂ ժողովրդի ինքրոշման իրավունքը, մինչդեռ` ՄԱԿ-ի կանոնադրությամբ այդ իրավունքը առաջնային նշանակություն ունի, եւ ինորոշման պարագայում տարածքային ամբողջականությունը, որպես սկզբունք, արդեն առաջնային չէ:
Երբ ասում էի, որ մի նետիր քարը հարեւանի տան վրա, եթե քո տունը ապակուց է, նկատի ունեի հենց վերը նշվածը: Ինչ վերաբերում է ռազմական ասպեկտին, ապա ագրեսիայի դեպքում Ադրբեջանն անշուշտ, կարժանանա համարժեք պատասխանի, մենք եւ ոչ միայն մենք, նույնիսկ Ադրբեջանի ղեկավարները դրանում ոչ մի կասկած չունեն», - նշել է ԱԳ նախարարի տեղակալը: